Ինքս ինձ ուսուցիչ

 Նախագծի հիմնական նպատակն է ճանաչել երկինքը՝ համաստեղությունները, դրանց պայծառ աստղերը, դրանցում գտնվող միգամածություններն ու գալակտիկաները, ինչպես նաև մոլորակները առանց ուսուցչի, օգտագործելով միայն նոթբուքը և միջին չափի սիրողական աստղադիտակ. այսինքն` երբ սովորողն է ինքն իր ուսուցիչը:

Օգտագործելով Stellarium ծրագիրը` մենք կարող ենք ամբողջապես ստանալ տվյալ աշխարհագրական լայնության և երկայնության վրա տվյալ ժամին երևացող երկնքի վիրտուալ պատկերը, որը ճշգրտորեն համընկնում է իրականությանը: Նույնացնում ենք այնտեղ պայծառագույն աստղերը և դրանով նախ ճանաչում ենք երևացող բոլոր համաստեղությունները: Բացի դրանից, օգտագործելով հայտնի օբյեկտների միայն անունները՝ Stellarium ծրագրում փնտրում ենք տվյալ օբյեկտը, և ստանում դրա և՛ կոորդինատները, և՛ մոտավոր դիրքը ավելի հայտնի, կամ պայծառ աստղերի կամ մոլորակների նկատմամբ: Այնուհետև հաղորդում ենք տվյալ կոորդինատները աստղադիտակին, կամ պարզապես ինքներս ենք ուղղում դիտակը նշված ուղղությամբ և դիտակի դիտողական դաշտում ընդգրկում այդ ենթադրյալ ուղղությունը: Փոքր քայլերով փոփոխելով դիտակի ուղղությունը գտնում և դիտում ենք անհրաժեշտ օբյեկտը աստղադիտակի օգնությամբ: Նախագծի շրջանակներում պատրաստվել է նաև արեգակնային ֆիլտր, որը օգտագործվում է կարմիր տիրույթի նեղ ֆիլտրի հետ համատեղ՝ որպեսզի աչքերի համար առավելագույնս անվտանգ լինի: Դրա օգնությամբ սովորողը կամ ցանկացած այլ անձ, առանց գիտական հաղորդումներ կամ նորություններ լսելու, պարզապես միայն արևաբծերի քանակը հաշվելով նա կարող է պատկերացում կազմել արեգակի` տվյալ պահին ունեցած ակտիվության մասին: